ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում տուժած քաղաքացիական անձանց
Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ աջակցելու վերջին պատերազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում տուժած քաղաքացիական անձանց: Այդպիսով ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև օրս ԵՄ ցուցաբերած աջակցությունը կգերազանցի 17 մլն եվրոն:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: «ԵՄ-ն էապես ավելացնում է իր աջակցությունը՝ օգնելու հակամարտությունից տուժած անձանց՝ հոգալու հիմնական կարիքներն ու վերակառուցելու կյանքը»,- ասել է նա:
Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելյին նկատել է, որ այս օգնությունը շարունակական է լինելու: «ԵՄ-ն շարունակում է աշխատել հանուն հակամարտության ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ու տարածաշրջանի կայունության»,- հայտարարել է Վարհելյին:
Եվրահանձնաժողովի հավելյալ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել հրատապ անհրաժեշտություն ներկայացնող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սննդի ապահովումը, հիգիենան, առողջապահությունը և այլն: Այն նաև կապահովի հոգեբանական աջակցության, կրթության տրամադրում:
Հավելյալ ֆինանսավորումը կապահովի նաև բնակեցված տարածքների հումանիտար ականազերծումը և տուժած անձանց կծանոթացնի ականային ռիսկերի հետ: