կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չեմ հանդիպել մեկին, ով պատրաստ էր վերադառնալ Արցախ, թեև բոլորն էլ վերցրել են իրենց տան բանալիները. Միջազգային հետազոտողը արցախահայության խնդիրների մասին (Լուսանկարներ)

Չեմ հանդիպել մեկին, ով պատրաստ էր վերադառնալ Արցախ, թեև բոլորն էլ վերցրել են իրենց տան բանալիները. Միջազգային հետազոտողը արցախահայության խնդիրների մասին (Լուսանկարներ)

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի փախստականների խնդիրներին՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում խոսել է Հայաստանում ապրող տասնյակ ԼՂ փախստականների հետ՝ այցելելով նրանց, հասկանալու նրանց խնդիրները: Ըստ նրա՝ արցախահայությանը հաջող ինտեգրելու համար հայ հասարակությանը ՀՀ կառավարությունը և օտարերկրյա դոնորները պետք է անդրադառնան այս խնդիրներին:

 

Օլեսյա Վարդանյանը գրում է, որ ավելի քան 100,000 փախստականների մեծամասնությունը հաստատվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մերձակա Արարատի և Կոտայքի մարզերում։ «Շատ վայրերում ավելի շատ մարդ էր ժամանել, քան հասանելի էր կացարանները: Տասնյակները դեռ ապրում են նախկին մանկապարտեզներում և մարզադպրոցներում։ Շատերն ապրում էին շենքերում, որոնք կամ չափազանց հին էին, կամ պարզապես պատրաստ չէին բնակության համար: Առաջիկա ձմեռը, հավանաբար, նոր մարտահրավեր կլինի նրանց համար»,-գրել է նա։

Օլեսյան նաև անդրադառնում է առաձին ընտանքիներին և ներկայացնում  19 անդամներից բաղկացած Ջուլիայի մեծ ընտանիքի մասին։ «Երեխաները հերթով հիվանդանում են գրիպով և բացակայում դպրոցական դասերից: Ջուլիայի ընտանիքը Լեռնային Ղարաբաղից ժամանել է մեծ բեռնատարով և երկու փոքր մեքենաներով։ Սա Ջուլիայի երկրորդ տեղահանումն է. նա բնիկ Բաքվից է, որը ստիպված է եղել լքել մոտ 30 տարի առաջ, երբ նոր էր սկսվում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-գրում է նա:

Օլեսյա Վարդանյանը գրում է, որ շատերը դժգոհել են, որ չեն կարողացել բերել իրենց ունեցվածքի մեծ մասը։ Ոմանք մնացել են առանց փաստաթղթերի ու խնայողությունների։ «Ալինային բախտ է վիճակվել հավաքել մի քանի շատ անձնական իրեր։ Այստեղ նա ինձ ցույց է տալիս մի փաստաթուղթ և մի քանի լուսանկար Մարտակերտի շրջանում իր անցած կյանքից։ Մյուսները վերցրել են իրենց տների և բնակարանների բանալիները»,-գրում է նա։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտողը շեշտում է, որ իր այցելությունների ընթացքում չի հանդիպել մի մարդու, ով պատրաստ էր  շուտով վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Ոմանք նույնիսկ նշել են, որ չեն կարծում, որ դա տեղի կունենա այլևս իրենց կյանքում։

Օլեսյա Վարդանյանի խոսքով՝ փախստականների կեսից ավելին կանայք և աղջիկներ են, մոտ 30,000-ը՝ երեխաներ, և գրեթե 18,000-ը՝ տարեցներ: «Մինչև 2020 թվականի պատերազմը ԼՂ-ում ապրում էր ավելի քան 9000 հաշմանդամ։ Շատերն այժմ Հայաստանում են՝ ստիպված հաղթահարելով տեղահանությունը՝ առանց անհրաժեշտ աջակցության»,-գրում է նա և պատմում Ստեփանի մասին, ով կորցրել է աջ ձեռքը  և ձախ աչքը ԼՂ-ում 1990-ականների առաջին պատերազմի ժամանակ։ «Նա այժմ ապրում է նախկին մանկապարտեզի միջանցքում»,-գրում է նա և ներկայացնում Ստեփանի հետ իր զրույցը. «Չեմ ուզում ապագայի մասին մտածել»,- ասել է նա և վախով արձանագրել, որ շուտով իրեն կխնդրեն ազատել նույնիսկ այս կացարանը։ «Մենք գնալու տեղ չունենք»,-ասել է նա։

Անվտանգության նկատառումներից ելնելով փախստականերից քչերն են ըստ նրա՝ տեղավորվել սահմանամերձ շրջաններում՝ Ադրբեջանի հետ առաջնագծի կողքին։ «Լեռնային Ղարաբաղից փախչելիս առաջին փախստականները մուտք են գործել Կոռնիձոր գյուղը, որը գրեթե ամբողջությամբ շրջափակված է մարտական ​​դիրքերով։ Անցյալի կռիվների նշաններն ամենուր են: Բայց այստեղ հաստատված Գյուլնարայի համար դա ավելի քիչ մտահոգիչ է: «Ես կկարողանամ պատուհանից տեսնել իմ հայրենի լեռները»,- ասում է նա: «Հուսանք, որ այստեղ խաղաղություն կլինի»,-եզրափակում է Օլեսյա Վարդանյանը։

Լուսանկարները՝ Աստղիկ Հակոբյանի

 

  • Կիսվել: