ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԺ պատգամավորը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Պետդումայի գործընկերոջ և գործարարների հետ

ԱՀ ԱԺ պատգամավորը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Պետդումայի գործընկերոջ և գործարարների հետ

Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Արամ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Պետդումայի գործընկերոջ, հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց պատգամավոր Արամ Հարությունյանը:
 
«Աշխատանքային այցով սույն թվականի մարտի 13-17-ն ընկած ժամանակահատվածում գտնվել եմ Մոսկվայում, որի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների և իմ լավ ընկեր, հանրաճանաչ ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ։
 
Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել ենք ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ եղավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, նրանց վերահսկողության տակ հայտնված հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորությանը:
 
Իր խոսքում Դմիտրի Սաբլինը՝ որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ, կարևորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքի նախագիծը:
 
Նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղ ծրագրեր իրագործելու մասին»,-մանրամասնեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ ծրագրերի արդյունքներն ավելի շոշափելի դարձնելու նպատակով՝ նախատեսվում է շարունակել հանդիպումները:
 

  • Կիսվել: