հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան դասավանդման և ուսումնառության առանձնահատկությունները

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան դասավանդման և ուսումնառության առանձնահատկությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 22-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովին՝ «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո:

Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներն ու ապագա անելիքները: Պետական նախարարն անդրադարձել է հետպատերազմյան իրականությունում դասավանդման և ուսումնառության առանձնահատկություններին ու հիմնախնդիրներին: Արտակ Բեգլարյանի համակարգմամբ՝ ներառական քննարկումների միջոցով վեր են հանվել մի շարք հարցեր պատերազմական տրավմաների, հետպատերազմյան դժվարությունների ու այլ առնչվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լուծման հնարավոր մոտեցումներ:

«Պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա՝ ազդելով բոլոր հիմնական դերակատարների՝ աշակերտների, ուսուցիչների ու ընտանիքների վարքի ու հոգեբանության վրա: Մենք պարտավոր ենք արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,- նշել է պետական նախարարը:

Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ:

  • Կիսվել: