երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում վերսկսվել է դպրոցականների հետ տարվող «Պատանի փրկարար» ամենամյա ծրագիրը

Արցախում վերսկսվել է դպրոցականների հետ տարվող «Պատանի փրկարար» ամենամյա ծրագիրը

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի նախաձեռնությամբ վերսկսվել է դպրոցականների հետ տարվող «Պատանի փրկարար» ամենամյա ծրագիրը:

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ միջոցառումներում ներառված են փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում:

Ծրագրի առաջին փուլում մասնակցել են Ստեփանակերտի 1-ին, 2-րդ և 4-րդ դպրոցների 3 հավաքական թիմերը, որոնցից յուրաքանչյուրը, զինղեկներից բացի, ունի նաև թիմի ավագ:

Ծրագրի մասնակիցների ողջունել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանը և կարևորել նմանատիպ մարզական-մանկապատանեկան միջոցառումների անցկացումը, պատանի փրկարարներին մաղթել հաջող և արդյունավետ մրցումներ:

Առաջիկայում մրցումներն անց են կացվելու տարբեր ձևերում. պտտաձողի վրա, փոխանցումավազք, մարտական հագուստ-հանդերձանքի կրում և համալիր այլ վարժություններ:

Ավանդական դարձած «Պատանի փրկարար» ծրագիրը նպատակ ունի նոր սերնդի մոտ հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք, փրկարարական աշխատանքի վերաբերյալ ստանալ գործնական գիտելիքներ և էքստրեմալ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ:

Պարապմունքների վերջում ամփոփվելու են արդյունքները, որից հետո հավաքական թիմերի միջև անց է կացվելու առաջնություն: Համապատասխանաբար առաջին տեղերը զբաղեցնող թիմերը կարժանանան պարգևների:

 

  • Կիսվել: