Արցախուհին արժանացել է «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» համահայկական մրցանակի
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը արժանացել է «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» համահայկական մրցանակին՝ «Հանո՛ւն Արցախի, հանու՛ն զինվորի, հանու՛ն մարդասիրության և հանրային բարձր հեղինակություն» անվանակարգում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրավաբան, բանասեր, գրող, Արցախի և Կալիֆոռնիայի գրողների միության անդամ, մի շարք բարեգործական, մշակութային, մարդասիրական ծրագրերի և պատմական հետազոտությունների, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին «Սեր և պատերազմ» գրքի հեղինակ, Բիբիլիական Արարատ լեռը նվաճած միակ արցախուհի Նանար Պողոսյանը տեղեկացրել է, որ մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները:
«Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպված «Կոչումը՝ կին ոսկե կոդ 2023» մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության և Սփյուռքի հայ կանայք, ովքեր շնորհիվ ձգտման և արարման, ստեղծագործական մոտեցումների և խիզախության՝ կյանքի են կոչել բազմաթիվ գաղափարներ՝ մարդասիրական, բարեգործական, մշակութային, կրթական, արվեստի տարբեր ճյուղերի, գիտության, գործարար աշխարհի, բժշկության ոլորտներում:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով անձամբ չեմ կարողացել ներկայանալ համահայկական մրցանակաբաշխության հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ Երևանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում՝ այս տարվա ապրիլի 16-ին։ Իմ մրցանակը ստանալու համար ներկայացել էր քույրս՝ Նատալի Լազարյանը»,-պատմել է Ն. Պողոսյանը: Անդրադառնալով մրցանակի խորհրդին ու նշանակությանը՝ նա նախ կարևորել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ համոզմունք հայտնելով, որ ազգային վերածնունդը հենց դրա ու ջանքերի համատեղման շնորհիվ է միայն կառուցվելու:
«Այո, դժվարին ժամանակներ է ապրում հայ ժողովուրդը, ուստի համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբող նման ազգանվեր միջոցառումները միայն ու միայն ամրապնդում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը: Հուսանք, որ ազգային միասնության շնորհիվ այս օրերի փորձությունն էլ պատվով կհաղթահարենք: Մրցանակն ինձ համար առավել քան պարտավորեցնող է, իսկ Արցախում ապրող ցանկացած կին մրցանակակիր է»,-ասել է Նանար Պողոսյանը, ով համահայկական մրցանակը նվիրում է Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոս տղաների մայրերին, կանանց ու քույրերին:
Մեր զրուցակիցը՝ գնահատանքի և եռամիասնության գաղափարի շուրջ աշխարհի հայ կանանց համախմբելու և մրցանակաբաշխության կազմակերպման շուրջ կատարված մեծածավալ աշխատանքի համար, երախտագիտություն հայտնել «Հանրային Վարկանիշ» ընկերությանն ու բոլոր կազմակերպիչներին: