շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի ժողովրդի նկատմամբ 2016-ին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից. ԱՀ ՄԻՊ

Արցախի ժողովրդի նկատմամբ 2016-ին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից:

 Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:
 
«Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում, առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից»,-նշված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

  • Կիսվել: