կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով

Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով

Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այն հասարակությանը ներկայացնելու նպատակով Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությունում կբացվի  «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքը:

 Ցուցահանդեսին, որն իրականացնում է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը, ներկայացված են ձեռագործ կերամիկական իրեր, որոնք պատրաստել և նկարազարդել են արցախցի արվեստագետները:
GEV_4896.JPG (499 KB)
Թեմայի շուրջ «Արմենպրես Podcast»-ի շրջանակում զրուցել ենք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Գոյ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանի հետ:
 

Նրա խոսքով՝ հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Փորձել են ամեն կերպ աջակցել Հայաստան տեղափոխված արցախցիներին, բայց ընթացքում հասկացել են՝ աղետն այնքան մեծամասշտաբ է, որ բախվելու են տեղահանված արցախցիների խնդրին:
 
«Այդ մարդիկ պարտավոր էին շարունակել իրենց կյանքն՝ այս անգամ հայրենիքի այս հատվածում: Նրանք ունեին աշխատանքի խնդիր: Համախոհներով որոշեցինք ամենօրյա աջակցությունը վերածել մշտական աշխատանք տրամադրելու գործընթացի: Մարդը պետք է ունենա վաստակելու հնարավորություն և որևէ մեկից օգնություն չխնդրի, դրա կարիքը չունենա: Ստեղծեցինք «Գոյ» հիմնադրամը: Մեր շրջապատում շատ էին արցախցի արվեստագետները՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ և այլք, ուստի խեցեգործության և կերամիկայի արվեստանոց հիմնեցինք»,-շեշտում է Սիմոնյանը:
 
Առաջնային նպատակը տեղահանված արցախցի արվեստագետների համար ստեղծագործական միջավայր ապահովելն է եղել:  Նրանք սկսել են կերամիկայի վրա նկարել ու վեր հանել արցախյան զարդանախշերը, գորգանախշերը, հայկական տառարվեստը: Հետագայում սկսել են նաև դասավանդել՝ կենտրոնում հյուրընկալելով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված երեխաների:
 
«Անընդհատ տեսնում էինք հակառակորդի վանդալիզմի հետևանքները, ավերված և օկուպացված մշակութային ժառանգությունը՝ վանքերը, եկեղեցիները, ու ամեն օր արվեստագետները պատմում էին իրենց գյուղի պատմությունը, ցույց տալիս անցյալն ու այս պահին տեղի ունեցող ավերումները: Այդ պահին հասկացանք, որ պետք է կանգուն ու գեղեցիկ կանաչ լեռները, գյուղերն ու քաղաքները  հանձնել պատմությանը, գրել դրանց մասին, ցույց տալ աշխարհին, թե ինչ ունեինք և այսօր հակառակորդը, որը ոչ միայն հանցագործ է, այլև վանդալիստ՝ ինչ է անում այդ ամբողջի հետ: Նրանք կռիվ են տալիս քարի, հողի, սարի, վանքի, խաչքարի հետ: Այդ քարերը, որ կերտել ենք դարերով, որ հանձնել ենք աշխարհին, ոչ միայն արցախցունն են կամ Հայաստանինը, այլև աշխարհի համար են քաղաքակրթական արժեք: Մենք նկարեցինք այն, ինչ կորցրել ենք, մի քանի փորձից պարզ էր, որ գեղեցիկ է ստացվում»,-պատմում է «Գոյ» հիմնադրամի խորհրդի նախագահը:
 
Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու: Նախատեսում են հետագայում ընդլայնել թեմաները:
 
«Մենք նոր գործընկերների կարիք ունենք, որոնք պատրաստակամ կլինեն աջակցելու մեզ՝ իրացնելու կերամիկական ձեռագործ արտադրանքը, տարածելու դրանք աշխարհում: Սա բարերարության ձևերից մեկն է»,-շեշտում է Ազատուհի Սիմոնյանն ու ևս մեկ անգամ ընդգծում, որ իրենց նպատակը տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելն է:

  • Կիսվել: