չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԱԺ նախագահն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԱԺ նախագահն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 23-ին պատասխանել է «Իրավունք» թերթի թղթակցի հարցադրումներին և մեկնաբանել Ալիևի հայտարարությունը:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
 
Այսօր Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե «չկա Ղարաբաղ, հակամարտությունը լուծված է»՝ ընդգծելով, որ Հայաստանում ռևանշիզմի գնալու գաղափարներն իրենց համար անընդունելի են։ «Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- ասել է նա։ Միաժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին:
 
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններով:  ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գնա ավելի համարձակ քայլերի: Այն է՝ վերսկսի սեղանի շուրջ տարվող այն բանակցությունները, որոնք տարվում էին մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը:
 
Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ բանակցային գործընթացը սկսելու դեպքում նրանք ունեն սակավաթիվ հաղթաթղթեր: Եվ այդ  է պատճառը, որ ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները մտնեն փակուղի: Այս ամենը հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է անտարբեր լինի և պետք է գործի իր այն մանդատով, որին վստահել են հակամարտող և պատերազմող կողմերը:
 
Ես նորից եմ կրկնում Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա, եթե կարգավիճակ չունեցավ, ապա Արցախն ապագա չի ունենալու: Արցախը չի կարող գոյատևել բռնապետական  Ադրբեջանի կազմում: Մենք հույս ունենք, որ բանակցությունները կվերականգնվեն, որտեղ կքննարկվեն ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի և օկուպացված տարածքների հարցը:
 
- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս կներկայացնեք արցախցի մեր հայրենակիցների վիճակն այսօր:
 
- Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու համար երկար ժամանակ է պետք: Այսօր Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օր առաջ ապահովել բնակարանով: Այս տարի մոտավորապես հազար բնակարանի հարց Ստեփանակերտում պետք է լուծվի, դրանից ավելին էլ՝ գյուղական շրջաններում:
 
- Այս տարի այդ հազար բնակարանները պատրաստ կլինե՞ն:
 
- Հինգ հարյուր հիսուն բնակարան մոտավորապես մինչև Ամանոր պատրաստ կլինի:

  • Կիսվել: