հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունը պատրաստ է միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու նպատակով. հայտարարություն

Արցախի Հանրապետությունը պատրաստ է միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու նպատակով. հայտարարություն

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն, ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների, տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:

ԱՀ բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:

Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»։

Ավելի վաղ հայտնել էինք. «Բաքուն պնդում է՝ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու օգտակար հանածոների ապօրինի շահագործումը»:

  • Կիսվել: