շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի իրացմանը զգալիորեն նպաստում են վերամշակող ընկերությունները

Արցախի Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի իրացմանը զգալիորեն նպաստում են վերամշակող ընկերությունները

Արցախի Հանրապետությունում պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններն իրենց արտադրանքը հիմնականում իրացնում են տեղական շուկաներում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման բաժնի մասնագետ Զավեն Բաղրյանը: Նրա խոսքով՝ ագրովերամշակված արտադրանքը հիմնականում սպառվում է Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում, մասամբ էլ՝ Ռուսաստանի Դաշնության շուկաներում:

«Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները կարողանում են շոշափելիորեն նպաստել տեղական գյուղմթերքի իրացմանը, սակայն խնդիրներ ունեն իրենց արտադրանքի իրացման առումով:

Գնային քաղաքականությունը և գնագոյացման վրա առաջին հերթին ազդում է արտադրանքի ինքնարժեքը, այնուհետև՝ շուկայական մրցակցության գները: Այնուամենայնիվ, Արցախում վերամշակված ագրոարտադրանքը, ի համեմատ արտաքին շուկաների, միանշանակ, բյուջետային պրոդուկտ կարելի է համարել»,-հավելել է Զ.Բաղրյանը:

Ոլորտի մասնագետը նշել է, որ ագրովերամշակման զարգացումը գյուղատնտեսական արտադրանքի կայուն պահանջարկի նախադրյալներից է:

«Այս առումով շատ կարևոր է գյուղատնտեսության շարունակական զարգացումը, իսկ ագրովերամշակման ոլորտն այդ շղթայի հաջորդ օղակն է: Որքան զարգացած լինի ագրովերամշակման ոլորտը, այնքան կայուն պահանջարկ կունենա գյուղատնտեսական արտադրանքը»,-հավելել է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ հետպատերազմյան շրջանում պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները դժվարանում են հումքի ձեռքբերման գործում, քանի որ չկան նախկին ծավալները: Պակասող հումքը ներկրվում է ՀՀ-ից: Անդրադառնալով իրացման խնդրի լուծմանը՝ Զավեն Բաղրյանը կարևորել է ագրարային մարքեթինգի անհրաժեշտությունը, որն ընդունված է միջազգային պրակտիկայում:

  • Կիսվել: