ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Հանրապետության շրջաններում հացահատիկի բերքահավաքը մոտեցել է ավարտին. անդրադարձ

Արցախի Հանրապետության շրջաններում հացահատիկի բերքահավաքը մոտեցել է ավարտին. անդրադարձ

Արցախի Հանրապետության տարածքում այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի աշխատանքներն ավարտական փուլում են:

 Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը սկսվել է հունիս ամսվա երկրորդ տասնօրյակում և որոշ տեղամասերում դեռ շարունակվում է:

Нет описания.

«Հնձվել են գարի, ցորեն, տրիտիկալե և հաճար: Ունենք ցանքատարածքներ, որտեղ ցածր բերքատվության պատճառով բերքահավաք չի իրականացվել:
 
Նախորդ տարվա համեմատ՝ տարին բավական բերքառատ է հացահատիկայինների համար, բացառությամբ հարթավայրային շրջանների, որտեղ ցանքսերը տուժել են երաշտից և կրծողներից»,-ասել է Մ. Զարգարյանը:
 
Նրա խոսքով՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով ցանքատարածություններում նախապես ձեռնարկվել են հակահրդեհային անվտանգության միջոցառումներ:

«Պետք է արձանագրենք, որ հակահրդեհային աշխատանքներն ունեն բարձր արդյունավետություն, որի շնորհիվ հրդեհից տուժած հացահատիկի ցանքադաշտերի ընդհանուր մակերեսը շրջանում չի գերազանցում կես հեկտարը»,-նշել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը՝ հավելելով, որ թշնամու կողմից դիտարկվող տարածքներում բերքահավաքի աշխատանքներն իրականացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ Ասկերանի շրջանում աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները մեկնարկել են հունիսի 23-ին` գարու բերքահավաքով, իսկ հունիսի 30-ից՝ ցորենի։

Нет описания.

«2022 թվականի բերքի տակ շրջանում ցանվել են ցորեն, գարի, տրիտիկալե, հաճար, եգիպտացորեն, կտավատ, հնդկացորեն։ Գյուղատնտեսական տարին հատիկավորների բերքատվության տեսանկյունից բարենպաստ է գնահատվում, հատկապես, Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Խաչմաչ, Սարուշեն, Կարմիր գյուղ, Հարավ համայնքներում։

Հացահատիկայինների բերքահավաքն ավարտվել է օգոստոսի 8-ին: Աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, առանց արտակարգ պատահարների. կոմբայնների և տեխնիկայի այլ միջոցների պակաս չի զգացվել»,-ներկայացրել է Ա.Պետրոսյանը։

Ցանքատարածություններում ձեռնարկված հակահրդեհային անվտանգության միջոցառումները և համապատասխան հենակետերում փրկարարների ուժեղացված ծառայությունն էլ հնարավորություն են ընձեռել բացառել կամ կանխել չոր խոտածածկույթներում առաջացած հրդեհները, որպեսզի դրանք չտարածվեն ցանքատարածքներում և բերքատու այգիներում:

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողօգտագործման և հողաշինարարության բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ շրջանում այս տարվա բերքի տակ հիմնականում կատարվել էր ցորենի և գարու աշնանացան:

Մարտակերտում հացահատիկայինների բերքահավաքը մեկնարկել է հունիսի երկրորդ տասնօրյակում և գրեթե 95 տոկոսով արդեն իրականացվել է: Որոշ ցանքատարածքներ հնձի ենթակա չեն եղել: Այս հանգամանքը, ինչպես նաև հնձված տարածքների միջին բերքատվության ցածր ցուցանիշները, մեր զրուցակիցը պայմանավորում է ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսների ցրտահարությամբ, ինչպես նաև դրան հաջորդած տևական երաշտով:

  • Կիսվել: