երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ԱՀ ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ԱՀ ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 6–ին, խորհրդակցություն է հրավիրել Հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ:

Ինչպես  փոխանցում են նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ եւ արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:

Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների եւ զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ եւ օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին եւ բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:

Քննարկվել են նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի եւ ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարեւոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները:

 

  • Կիսվել: