չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները․ Արցախում նախատեսվում են մի շարք ծրագրեր

Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները․ Արցախում նախատեսվում են մի շարք ծրագրեր

Հումանիտար և սոցիալական ոլորտի վերաբերյալ Արցախի նախագահն իր ուղերձում մասնավորապես նշել է․
 
"Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն:
 
Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝
 
• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.
 
• Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.
 
• Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.
 
• Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.
 
• Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.
 
• Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.
 
• Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.
 
• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.
 
• ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.
 
• Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.
 
• Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.
 
• Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.
 
• Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.
 
• Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:
 
Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն:

  • Կիսվել: