չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի Հանրապետության օրվա առթիվ օրհնանքի խոսք է հղել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի Հանրապետության օրվա առթիվ օրհնանքի խոսք է հղել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի Հանրապետության օրվա առթիվ Նախագահ Արայիկ Հարույթունյանին ուղղված նամակում օրհնանքի խոսք է հղել:

Նամակում ասված է. «Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքներն ու օրհնությունն ենք բերում Ձեզ, Արցախի պետական այրերին և հավատավոր մեր զավակներին:

Արցախը մեր ժողովրդի իրավունքների պաշտպան և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է, պատմական մեր հայրենիքի այն նշխարը, որ թանկագին մարգարտի պես զետեղված է Հայկական լեռնաշխարհի սրտում: Ցավոք, Արցախի անկախության 31-րդ տարեդարձը մեր ժողովուրդը դիմավորում է դժվարին պայմաններում՝ վիրավոր սրտով ու վշտացյալ հոգով:

2020 թվականի սոսկալի պատերազմի չսպիացած վերքերը, օրըստօրե առաջացող նոր դժվարություններն ու կորուստները ծանր մարտահրավերներ են ստեղծել Արցախ աշխարհի և համայն հայության համար: Արցախի առջև ծառացած անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրների ներկա պայմաններում աշխարհասփյուռ մեր ժողովրդի անշրջանցելի պարտքն է՝ ամուր ու անսասան հավատքով լծվել արցախահայության իրավունքների պաշտպանության սրբազան գործին՝ ի սպաս բերելով ամենայն ջանք և նախանձախնդրություն:

Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը զորավիգ լինի Ձեզ, մեծարգո Նախագահ, Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին ու համայն մեր ժողովրդին՝ ամենայն հանձնառությամբ և պատասխանատվությամբ դիմագրավելու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին ու դժվարություններին: Թող Աստծո սերն ու օրհնությունը ուժ և զորություն լինեն արցախահայությանը և հովանի Արցախ աշխարհին»:

  • Կիսվել: