կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ամենավտանգավորը նա է, երբ փոխադարձ «ոչնչացման» ռեժիմում պայքարի միջոցների միջեւ խտրություն չի դրվում. քաղաքագետ

Ամենավտանգավորը նա է, երբ փոխադարձ «ոչնչացման» ռեժիմում պայքարի միջոցների միջեւ խտրություն չի դրվում. քաղաքագետ

Այլեւս   վստահաբար կարելի է ասել, որ գործող իշխանությունը տապալելու հարցում Հայաստանի «ընդդիմությունը» մինչեւ վերջ է գնալու, գրեւմ է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Եթե իրեն քաղաքական գործիչ համարողն ասում է, որ պետք է դառնալ Ռուսաստանի մարզ, ուրեմն կա որոշում՝ կանգ չառնել նույնիսկ անկախության եւ ինքնիշխանության կորստյան վտանգի առաջ: Եթե գտնվում է մեկ-երկու տասնյակ մարդ եւ Երեւանի կենտրոնում «Хочу в Россию» պաստառ պարզում, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը «բազմաչարչար հայ ժողովրդի» անունից մի խնդրագիր չի հղվելու Մոսկվա. «Եկեք եւ մեզ ազատեք Փաշինյանից»:

Մեկ դար առաջ հայ կոմունիստներն էին այդպես բոլշեւիկյան Ռուսաստանից օգնություն հայցում: Դեպի Հայաստան Ռուսաստանի ճանապարհն անցնում է… Ադրբեջանով: Պատահական չէ, որ հակափաշինյանական ցանկացած ցույց, հայտարարություն, մամուլի հրապարակում իսկույն տիրաժավորվում է Բաքվում: Ի՞նչ է հետեւում նման համերաշխությունից: Տրամաբանորեն՝ միայն մի բան. Լեռնային Ղարաբաղի հարցով նախկինում եղել են պայմանավորվածություններ, որ Փաշինյանի իշխանության գալով անիրականանալի են դարձել: Պետք է հեռացնել Փաշինյանին, վերադառնալ արդեն համաձայնեցված փաստաթղթերին եւ առաջ շարժվել: Մոտավորապես սա ՝ է ասում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Տավուշյան դեպքերի մասին երկրորդ նախագահ Քոչարյանի եւ ՌԴ արտգործնախարարի մեկնաբանությունները «ձուլված են նույն կաղապարով»: Պարզություն մտցնում են ռուսաստանցի եւ թուրք-ադրբեջանցի մեկնաբանները. «Փաշինյանը ձգտում է հասնել Ռուսաստանի եւ Թուրքիայի առճակատմանը, որպեսզի նրանք թուլանան եւ Հարավային Կովկասում վակուումը լցնի Արեւմուտքը»:

Որոշ շրջանակներ հանուն ռեւանշիստական նկրտումների չեն խորշում խաղալ երկրի անվտանգության հետ: Դա քաղաքական ընդդիմախոսություն չէ այլեւս: Նրանք իշխանությանը պարտադրում են «կրիտիկական իրավիճակի» օրակարգ, երբ վերջինս հարկադրաբար դիմում է բոլոր ռեսուրսների համախմբման: Որքան էլ համակիրներն զգաշացնեն «հեղափոխական արժեքների» դեւալվացիայի մասին, իշխանությունը չի հետեւելու նրանց խորհուրդներին, որովհետեւ երբ խնդիրը կենաց-մահու պայքարն է, ամեն ինչ գնահատվում է նպատակահարմարության եւ օգտակարության տեսակետից:

Սխալվու՞մ է իշխանությունը: Իհարկե: Բայց իր դեմ տոտալ զորահավաքի դիմաց նա այլ գործիքակազմ չունի: Կամ պիտի հեռանա, կամ՝ գործի «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Ամենավտանգավորը դա է, երբ փոխադարձ «ոչնչացման» ռեժիմում պայքարի միջոցների միջեւ խտրություն չի դրվում»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: