երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԻՊԾ-ում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները

ԱԻՊԾ-ում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները:
 
ՆԳ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից: Նախապատվությունը տրվել է բնակելի տարածքներին:
 
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներն ու տարբեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքը, շարունակում են բնակչության կյանքի ու ազատ տեղաշարժի համար մնալ լուրջ սպառնալիք:
 
Ծառայության 911 ահազանգման կենտրոնից բացի, Արցախում գործող «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ունեն թեժ գծեր, որոնք աշխատանքն ավելի դյուրին են դարձնում, քանի որ բնակավայրերում հայտնաբերված զինամթերքի մասին հաճախ բնակիչներն իրենք են ահազանգում:
 
Հանդիպմանը որոշվել է համագործակցել միմյանց հետ, ի մի բերել ունեցած հնարավորությունները, ականազերծված ու անվտանգ տարածքների մասով՝ հրապարակման համար կազմել արձանագրություններ:
 
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ փոխգործակցության, ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, նշել, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման գործընթացը համատեղ կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:
 
Ականազերծված բոլոր տարածքներում ևս մեկ անգամ կկատարվի հետախուզական աշխատանք, կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը, գյուղատնտեսական, շինարարական ու տուրիստական նշանակության տեղամասերը, որոնք բնակչությանն իրազեկելու նպատակով կհրապարակվեն լրատվամիջոցներով:

  • Կիսվել: