շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ԱԻՊԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախում թթվածնային սարքավորումների արտադրամասի տարածքում բռնկված հրդեհի մասին (տեսանյութ)

ԱԻՊԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախում թթվածնային սարքավորումների արտադրամասի տարածքում բռնկված հրդեհի մասին (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 13․27-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ «Պլատոչնի» կոչվող վայրում հրդեհ է բռնկվել․ նախնական տվյալներով այրվում է չոր խոտ։

Այս մասին տեղեկացրել են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ահազանգը ստանալուն պես, կանչի վայր է ուղարկվել փրկարար ուժերի վարչության հրշեջ մեքենա։ Մինչև հրշեջ մեքենայի կանչի վայր հասնելը, նույն տեղանքից լսվել է պայթյուն։ Դեպքի վայրում իրավիճակը գնահատելուց հետո որոշում է ընդունվել ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչությունը բերել մարտական պատրաստության բարձր աստիճանի և մարդկային ու տեխնիկական բոլոր ռեսուրսներն ուղղել նշված վայրում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանն ու բնակչության անվտանգության ապահովմանը։ Դեպքի վայրում փրկարարական բոլոր միջոցառումներն իրականացվել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի վերահսկողությամբ։ Ընդհանուր առմամբ՝ վթարափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ուժերի վարչության 8 հրշեջ մարտական հաշվարկ։ Օժանդակ օգնության են հասել նաև Ասկերանի հրշեջ փրկարար մասից և Բերքաձորի բաժանմունքից մեկական մարտական հաշվարկներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն է ցուցաբերել նաև <<Ջրմուղ կոյուղի>> ընկերության երկու ջրատար ավտոմեքենա։ Փրկարար աշխատանքներ են իրականացրել Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 օպերատիվ խումբ և սակրավորական խումբը։ Դեռևս չպարզված հանգամանքներում առաջացած հրդեհը արագ տարածվել է <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում՝ ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող՝ պատուհանների և դռների, ապակու ընդունման, քարի և թթվածնային սարքավորումների արտադրամասերի ամբողջ երկայնքով։ Տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է առավել ուժեղ կրակն ու բարձր ճնշմամբ սարքավորումների պայթյունները։ Չնայած կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգին՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ստորաբաժանումները գործել են հմուտ և օպերատիվ և իրենց առջև դրված խնդիրը կատարել անհրաժեշտ մակարդակով։

Բարեբախտաբար, հրդեհի ու պայթյունների հետևանքով տուժածներ չկան։

Հրդեհի ծագման ու դրան հաջորդած պայթյունների հանգամանքները պարզելու համար նշանակվել է տեսչական ստուգումներ և մանրամասները պարզելու ուղղությամբ ԱԻՊԾ պետական հրդեհային ու տեխնիկական անվտանգության տեսչության, ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է հետաքննություն, որոնց վերաբերյալ կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

  • Կիսվել: