հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ ԱԺ աշխատակազմը շնորհավորել է Արթուր Թովմասյանին հոբելյանի առթիվ

ԱՀ ԱԺ աշխատակազմը շնորհավորել է Արթուր Թովմասյանին հոբելյանի առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը շնորհավորել է խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանին ծննդյան 60- ամյակի կապակցությամբ:

ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի շնորհավորանքի խոսքում ասված է
 
«Մեծարգո´ Արթուր Բաբկենի
 
ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեր 60-ամյա հոբելյանը:
 
Ինչպես վայել է ազնիվ ու ճշմարիտ մի մտավորականին, Դուք Ձեր ողջ գիտակցական կյանքում որդիական պարտքի ու պատասխանատվության զգացումով եք ընկալել և ընդունել Ձեր տեղն ու դերակատարությունը զարգացում ապրող Արցախի Հանրապետության հասարարական –քաղաքական իրադարձությունների բովում:
 
Ձեր գործունեությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:
 
Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանության, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացման, օրենսդրական դաշտի կայացման և գիտակրթական ոլորտի զարգացման գործին։ Լինելով ակնառու քաղաքական գործիչ՝ նշանակալի ներդրում ունեք Արցախի Հանրապետության խորհրդարանական դիվանագիտության կարգավորման գործում։Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
 
Նշանակալից են Հայաստանի ու Արցախի ներկա քաղաքական զարգացումների հանդեպ Ձեր հետևողական վերաբերմունքն ու արտահայտած տեսակետները: Հատկանշական են առանձնապես արցախյան հիմնախնդրի, արցախահայության ինքնորոշման, Արցախում ինքնիշխան պետականության հաստատման մասին Ձեր անփոփոխ դիրքորոշումները:
 
Թո´ղ Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը՝ հանուն մեր ժողովրդի բարօրության, հանուն մեր երկրի հզորության և հարատև խաղաղության:
 
Վերստին շնորհավորելով Ձեր հոբելյանը՝ մաղթում ենք քաջառողջություն, արևշատություն, նոր հայտնություններ Ձեր կյանքի բազմաբեղուն ճանապարհին»:

  • Կիսվել: