հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է. Թովմասյան

Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է. Թովմասյան

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է․ «Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։

Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։

Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։

Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները կանխելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել:

 

  • Կիսվել: