հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թագուհի Թովմասյանը պատասխանել է Արթուր Հովհաննիսյանին

Թագուհի Թովմասյանը պատասխանել է Արթուր Հովհաննիսյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Աթուր Հովհաննիսյանին:

Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․ «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․

տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա…

Իսկ թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի մասին միայն հետևյալը. նա ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորումն է, այլ նաև՝ անպատասխանատվության։

Դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ նա դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Եվ ես վստահեցնում եմ՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։

Ես Հյուսիսային պողոտայում տուն չունեմ

Ես 4 տուն չունեմ: Ինչ ունեմ, հայտարարագրված է տասնյակ տարիներ առաջ հիփոթեքով գնված:

Նրա տարածած ստերը պետք է դադարեն թունավորել հասարակական դաշտը։

Խորհրդարանը պիտի ազատ լինի խուլիգանությունից, ստից և անհիմն մեղադրանքներից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թովմասյանը հրապարակային պահանջել էր, որպեսզի Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։

Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել էր. «Հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից։ Կհորդորեմ տիկին Թովմասյանին, բարոյականության սահմանը չանցնի, հանգիստ նստի իր տեղը և չփորձի մարդկանց բարոյականության, անունների հետ խաղալ՝ լինելով, փաստորեն, անբարո»:

  • Կիսվել: