շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ

Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշել է, որ կոնկրետ տվյալներ դատավարության հնարավոր սկսվելու ժամկետի մասին չկան, բայց այն, ամենայն հավանականությամբ, կսկսվի այլ գերիների հանդեպ դատավարությունների ավարտից հետո, քանի որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում «գլխավոր» գործընթացից «շեղող» հանգամանքներ։ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն որքան հնարավոր է երկար «կերակրել» իրենց ժողովրդին այդ դատավարությամբ, եւ ըստ երեւույթին այն կունենա հասարակության համար բաց մաս, որպեսզի ցուցադրվեն Արցախի նախկին ղեկավարները խոցելի, նվաստացած վիճակում։ Դատավարության սկիզբը իրավաբանը կանխատեսել է 6 ամսից ոչ շուտ։ Նա նշել է, որ փաստաբաններն Ադրբեջանում իշխանությունների ճնշման տակ են։ Օտարերկրյա փաստաբանների ներգրավումը իրավաբանը հնարավոր է համարել միջազգային ատյաններում, ընդգծելով, սակայն, Ադրբեջանում դատի մոնիթորինգի անհրաժեշտությունը, եթե հաջողվի, ապա միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արցախի նախկին ղեկավարների, մասնավորապես՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մեղադրանքների հարցում՝ կապված Գյանջային 44-օրյա պատերազմի ժամանակ հարված հասցնելու հետ, իրավաբանը հիշեցրել է, որ Ադրբեջանը ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։ «Միջազգային իրավունքն այնպիսին է, որ եթե Ադրբեջանը օգտագործել է սեփական բնակչությանը որպես վահան, ավերածությունների եւ զոհերի համար պատասխանատվությունը կրում է ոչ թե Հայաստանը կամ Արցախը, այլ Ադրբեջանն ինքը՝ մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ընդգծել է Սահակյանը։

  • Կիսվել: