ՈւԵՖԱ-ն փոխում է եվրագավաթերում դեղին քարտերի որակազրկման կանոնը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների լիգայի փուլերում դեղին քարտերի հաշվարկման նոր կանոնների ներդրման մասին, գրում է armsport.am-ը:
Նոր կանոնակարգի համաձայն՝ եվրագավաթների լիգայի փուլում ֆուտբոլիստները և թիմերի պաշտոնյաները որակազրկվելու են ոչ թե երեք, այլ չորս դեղին քարտ ստանալուց հետո (որոնք չեն հանգեցրել հեռացման)։ Առաջին որակազրկումից հետո պատիժը վրա կհասնի յուրաքանչյուր հաջորդ զույգ դեղին քարտից հետո՝ վեցերորդ, ութերորդ, տասներորդ և այդպես շարունակ:
Ընդ որում, եվրագավաթների որակավորման փուլերում կանոնները կմնան անփոփոխ. որակազրկումը կկիրառվի երեք դեղին քարտից հետո, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր հաջորդ կենտ քարտի դեպքում:
ՈւԵՖԱ-ն այս փոփոխությունները բացատրում է 2024/25 մրցաշրջանից ուժի մեջ մտած եվրագավաթների ձևաչափի ռեֆորմով: Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունների լիգայի փուլերում հանդիպումների քանակի ավելացումը վեցից ութի հանգեցրել էր դեղին քարտերի կուտակման պատճառով որակազրկումների ռիսկի մեծացմանը։ Նոր կանոնները կոչված են պահպանելու հավասարակշռությունը խաղերի քանակի և զգուշացումների թույլատրելի սահմանի միջև:
Բացի այդ, նոր կանոնակարգը կգործի նաև Կոնֆերենցիաների լիգայում, չնայած այն հանգամանքին, որ այս մրցաշարի լիգայի փուլը նախկինի պես բաղկացած է վեց հանդիպումից: Այս որոշումը պայմանավորված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տարբեր մրցաշարերի մասնակցող ակումբների միջև ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխություններով:



