երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

Երևանում ընթացող Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը մեկնարկել է հայ երկրպագուների համար նշանակալի իրադարձությամբ. Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը կարևոր հաղթանակ է տարել տիտղոսակիր մրցակցի նկատմամբ։

97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը մրցագորգ է դուրս եկել օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևի դեմ։ Չափազանց համառ ու լարված դիմակայությունում Խլոյանը գերազանցել է ռուսաստանցի ըմբիշին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Հատկանշական է, որ Խլոյանի այս գոտեմարտին տրիբունայից անձամբ հետևում էր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Նշենք, որ Եվլոևը երկար ժամանակ բացակայում էր մրցագորգից։ Անվանի ըմբիշը կարիերայում մեծ դադար վերցնելու մասին հայտարարել էր դեռևս 2022 թվականին։ Փաստացի, Եվլոևը մեծ սպորտ է վերադարձել շուրջ չորս տարվա դադարից հետո՝ մասնակցելով երևանյան միջազգային մրցաշարին։

Հիշեցնենք նաև, որ Մուսա Եվլոևը երկար տարիներ եղել է Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից մեկը։ Տոկիո-2020 օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվլոևն առավելության էր հասել Հայաստանի հավաքականի առաջատարի՝ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։

  • Կիսվել: