Թենիսիստ Էլինա Ավանեսյանը խոստանում է Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել
Թենիսիստ Էլինա Ավանեսյանի ձգտումը՝ հասնել մեծ հաջողությունների որպես հայ մարզիկ, անկասկած, կոգեշնչի հայ երիտասարդներին և կբարձրացնի թենիսի հեղինակությունը Հայաստանում: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ողջունելով Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաջողություններին և այն դրական ազդեցությանը, որ նա կունենա մեր մարզական համայնքի վրա»,- ասել է նախարարը՝ նկատելով, որ մարզուհու որոշումը վկայում է նրա նվիրվածության և հայրենիքի հանդեպ սիրո մասին:
Էլինա Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծել է, որ շատ հպարտ է այսուհետ ներկայացնելու Հայաստանը միջազգային առաջնություններում: Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իր արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են իրեն:
Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել:
«Ես ուզում եմ նաև ոգեշնչել սկսնակ մարզիկներին և խրախուսել երիտասարդներին զբաղվել սպորտով: Ես սկսեցի թենիս խաղալ մի փոքր քաղաքային խաղահրապարակում՝ իմ համայնքի աջակցությամբ, և իրականություն դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու անհավանական երազանքս։ Հույս ունեմ, որ խոստումնալից հայ մարզիկները նույնպես կարող են անցնել այս ուղին և ստանալ նույնպիսի աջակցություն»,- եզրափակել է Ավանեսյանը: