երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով. Կարեն Գիլոյան

Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով. Կարեն Գիլոյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը:
 
Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու հարցում:
 
 
«Կասկածից վեր է՝ լավ երկիր ունենալու համար պետք է ունենալ կրթված սերունդ: Սպորտում ևս այսօր հաղթում են ուղեղով և կրթվածությամբ: Լավ մարզիկ լինելու համար պետք է նախևառաջ կրթված լինել, ինչը հնարավորություն կտա գրանցելու այն հաղթանակները, որոնք փառք ու պատիվ կբերեն մեր ազգին ու մեծ բերկրանք կպարգևեն բոլորին: Խնդրում եմ մեծ ուշադրություն դարձնել կրթությանը, բաց չթողնել այս կարևոր ժամանակահատվածն ու անել ամեն ինչ՝ Հայաստանի Հանրապետության համար արժանավոր քաղաքացի դառնալու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ քոլեջի սաներին մեծ հաջողություններ մաղթելով թե՛ ուսումնառության, թե՛ նաև սպորտային կարիերայում:
 
 
ԵՕՀՊՄ քոլեջի սաներին ողջունել և շնորհավորել է նաև տնօրեն Վաղինակ Գալուստյանը. «Հայ ժողովրդի հարատևության գրավականը կիրթ ու դաստիարակված, ազնիվ ու հայրենասեր սերունդ ունենալն է․ առաքելություն, որը մենք պատվով ենք ստանձնել: Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցաշեն ճանապարհի դժվարին հատվածը մենք արդեն անցել ենք և ունենալով պետության հովանին՝ այն ամբողջությամբ կյանքի կկոչենք։ Մեզ մնում է հավատարիմ լինել ԵՕՀՊՄ քոլեջի կեսդարյա ավանդույթներին՝ նեցուկ լինել մեր սաներին դեպի բարձունք տանող դժվարին պայքարում»:
 
Միջոցառման ընթացքում կայացել է նաև ԵՕՀՊՄ սաների երդման արարողությունը:
 
2023-2024 ուսումնական տարում ԵՕՀՊՄ քոլեջում կլինի 18 դասարան՝ նախորդ տարվա 16 դասարանի փոխարեն։
 
 
Քոլեջում ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից. ընդգծված սպորտային կարողություններ ունեցող աշակերտները հնարավորություն ունեն միանգամայն անվճար սովորելու օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժիններում։

  • Կիսվել: