հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սկզբում մի փոքր տխուր էի, որովհետեւ շատ մեծ էր ոսկե մեդալը նվաճելու ցանկությունը. Արթուր Դավթյան

Սկզբում մի փոքր տխուր էի, որովհետեւ շատ մեծ էր ոսկե մեդալը նվաճելու ցանկությունը. Արթուր Դավթյան

Օլիմպիական արծաթե մեդալը եւ այս նվաճումը նվիրում եմ իմ երկրին: Մեդալային հավաքածուումս պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը: Կաշխատեմ, կփորձեմ լրացնել այդ բացը: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը օգոստոսի 6-ին Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին հայրենիքում դիմավորեցին չեմպիոնին  վայել:

«Սկզբում մի փոքր տխուր էի, որովհետեւ շատ մեծ էր ոսկե մեդալը նվաճելու ցանկությունը, բայց սպորտ է եւ հնարավոր է, որ ոչ մի տեղ չգրավեի: Այդ դեպքում ավելի տխուր կլինեի: Այս դեպքում իմ արդյունքը բարելավեցի՝ օլիմպիական բրոնզե մեդալից արծաթե մեդալ: Ինչպես ասում են՝ երեւի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին արդեն ոսկե մեդալ կնվաճեմ:

Փարիզում ոսկի նվաճելու հնարավորությունը կար, բայց չստացվեց: Ինձ պակասեց երկրորդ ցատկիս բարդությունը, քանի որ ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկը 4 տասնորդականով բարձր էր իմ ցատկից: Այս ամենից բացի, ֆիլիպինցու երկրորդ ցատկը բարձր գնահատեցին. Այդ մասին միայն ես չեմ ասում, բոլորն էին ասում: Պետք է աշխատեմ, բարդացնեմ իմ վարժությունը, որպեսզի որքան էլ ուզենան ցածր գնահատեն, չստացվի:

Այս անգամ հայրենիք վերադառնալիս զգացողություններս շատ ավելի ուժեղ էին: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա մեդալ նվաճել եւ մեդալով վերադառնալ հայրենիք: Փարիզի մարզադահլիճում մեծ թվով հայեր կային՝ մեր մարզիկները, Ֆրանսիայի հայ համայնքը: Ես զգում էի մեծ աջակցություն: Եղբայրներս էլ Գերմանիայից հատուկ ժամանել էին Ֆրանսիա, որպեսզի մարզադահլիճից հետեւեն իմ մրցումներին եւ աջակցեն ինձ: Շատ հաճելի էր:

Մարզական կարիերայումս հաջորդ քայլը չեմ կարող ասել, թե որը կլինի: Իմ մեդալային հավաքածուում պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը: Կձգտեմ այդ բացը լրացնել: Օլիմպիական արծաթե մեդալս եւ այս նվաճումը նվիրում եմ իմ երկրին: Որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել: Այս նվաճումն իմ երկրինն է»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14.966 միավոր:

  • Կիսվել: