չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շատ ուրախալի է, որ գոնե մեկ ուղեգիր կարողացանք նվաճել. Վահագն Դավթյան

Շատ ուրախալի է, որ գոնե մեկ ուղեգիր կարողացանք նվաճել. Վահագն Դավթյան

Շատ ուրախ եմ, որ կարողացանք օլիմպիական ուղեգիր նվաճել: Ռիմինի գալու հաջորդ օրը ուսի վնասվածք ստացավ: Մարզիչի հորդորը եղավ բաց թողնել Եվրոպայի առաջնությունը, ռիսկի չգնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ռիմինիում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Օլիմպիական ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանը:

Օղակների վարժության Հայաստանի հավաքականի առաջատարը վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, սակայն ժամանել էր Ռիմինի եւ պատրաստ էր պայքարին:

«Օլիմպիական ուղեգիր նվաճելու փորձս առաջին անգամ չէր: Մարմնամարզությունում, այն էլ առանձին գործիքում շատ դժվար է օլիմպիական ուղեգիր նվաճել: Այս տարվա կանոնադրության համաձայն, աշխարհի գավաթի փուլերով ունեինք հնարավորություն պայքարել ուղեգրի համար: Ամեն գործիքի վրա ուղեգիր նվաճում էին աշխարհի գավաթի փուլերում լավագույն արդյունք ցույց տված մարզիկները: Տոկիո-2020-ում կանոններն այլ էին:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միայն ուղեգիր էինք ցանկանում: Ես եւ Հարություն Մերդինյանը շատ էինք ուզում ուղեգիր նվաճել:

Ամեն դեպքում շատ ուրախալի է, որ գոնե մեկ ուղեգիր կարողացանք նվաճել:

Եվրոպայի առաջնությունը բաց թողեցի վնասվածքի պատճառով: Անկեղծ կլինեմ, անակնկալ վնասվածք ստացա: Ես պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը, բայց այստեղ՝ Ռիմինիում, մեր գալու հաջորդ օրը նախավարժանքի ժամանակ ուսս ցավացրի: Մարզիչներով եւ բոլորով նպատակահարմար գտանք չմասնակցել Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիչի հորդորը եղավ չմասնակցել, քանի որ առջեւում շատ կարեւոր եւ լուրջ մրցաշար ունեմ: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու դեպքում հնարավոր էր՝ վնասվածքը շատ ավելի խորանար, եւ ես չհասցնեի վերականգնվել մինչեւ Օլիմպիական խաղեր: Որոշում կայացրեցինք, վերադառնալ Հայաստան, բուժզննում անցնել, բուժվել, վերականգնվել եւ պատրաստվել Օլիմպիական խաղերին»,- ասաց Վահագն Դավթյանը:

Ապրիլի 19-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց ոսկե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր։

Աշխարհի գավաթի նախորդ 2 փուլերից հետո Վահագն Դավթյանին օլիմպիական ուղեգրի համար պակասում էր չնչին միավորներ եւ միայն ոսկե մեդալ նվաճելու դեպքում կարող էր Փարիզ-2024-ի ուղեգրի արժանանալ։ 35-ամյա Դավթյանը Փարիզ-2024-ի մարմնամարզության օլիմպիական մրցաշարում կլինի Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Արթուր Դավթյանի հետ։

  • Կիսվել: