շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել․ բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես․ Մալխաս Ամոյան

Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել․ բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես․ Մալխաս Ամոյան

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց: Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել: Բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես: Մի լավ խոսք կա, ասում են՝ չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոս պահպանելն ավելի դժվար: Այս առումով իսկապես բարդ տրվեց երրորդ չեմպիոնությունը՝ համեմատած նախորդ Եվրոպայի առաջնությունների: Իմ մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել եւ հաղթող ճանաչվել:

Բոլոր մրցակիցներիս դեմ նույն տրամադրությամբ եմ պատրաստվում՝ մեկ նպատակով, որ դուրս գամ գորգ միայն հաղթանակի համար: Թուրք Էմրե Բաշարն էլ բացառություն չի այս առումով եւ կարեւոր չի՝ մրցակիցս թուրք է, թե այլ ազգության: Ուղղակի նրա հետ գոտեմարտերս ավելի լավ են ստացվում: Այս եզրափակիչն էլ ավելի հաճելի ստացվեց:

Առջեւում Օլիմպիական խաղերն են: Մեր քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու է 16 ըմբիշ: Այդ 16-ն էլ ինձ համար լուրջ մրցակիցներ են:  Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով:

Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր, հաղթանակով մեկնարկեցի: Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի լավ առաջ շարժվել»,- ասաց Մալխաս Ամոյանը:

հիշեցնենք, որ Փետրվարի 13-ին Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում 7:0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

  • Կիսվել: