կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շախմատի համաշխարհային Օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին

Շախմատի համաշխարհային Օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին, գրում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ: Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և բրոնզե մեդալ նվաճել 4-րդ խաղատախտակի վրա:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Վերջին խաղափուլում մեր ընտրանին 3:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը կիսել են միավորները:

Կանանց մրցաշարում չեմպիոնի կոչմանն արժանցել է Հնդկաստանի թիմը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Տղամարդկանց մրցաշարի հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել է Հնդկաստանի թիմը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթանակի է հասել Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է մրցակցին:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։

  • Կիսվել: