չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պատրաստ ենք կռիվ տալ ու հասնել հաջողության, ուրիշ ելք չկա․ Եղիշե Մելիքյան

Պատրաստ ենք կռիվ տալ ու հասնել հաջողության, ուրիշ ելք չկա․ Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» վաղը՝ օգոստոսի 22-ին, ընդունում է «Ցելյեին»։ Այսօր տեղի է ունեցել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը․

«Դա մեր գործն է․ պետք է հետևենք, ուսումնասիրենք մրցակցին հասկանալու համար, թե ում հետ ենք խաղալու, ում հետ ենք պայքարելու, ում ենք ուզում հաղթել։ Մեզ համար ամեն ինչ պարզ է, մնում է այդ ամենը տանել դաշտ, որ տղաները կարողանան մեր գաղափարները ռեալիզացնել։ Մրցակիցն ունի ուժեղ կողմեր՝ գնդակով դիրքային գրոհները, տեխնիկապես լավ, որակյալ ֆուտբոլիստներ ունեն, լավ համագործակցություն ունեն, բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն․ ստանդարտների ժամանակ վտանգավոր են։ Ունեն նաև թույլ կողմեր, որոնց մասին հիմա չէի ուզի խոսել։ Կաշխատենք օգտագործել դրանք։

 

Սանին դեռ ադապտացիոն շրջանում է, որովհետև այն դպրոցը չի անցել, մի փոքր ժամանակ է պետք։ Բայց ուզենք-չուզենք պետք է օգտագործենք, որովհետև վնասվածքները շատ են։ Եթե վաղը տեսնեք, որ մեկնարկային կազմի որևէ խաղացող պահեստայինների նստարանին և ես չեմ օգտագործում, դա ունի իր պատճառները։ Ով լիովին պատրաստ է, նա պիտի վաղը խաղա։ Ինչ վերաբերում է Բրայան Ալսիուսին, ապա նրա մարզավիճակը լավը չէ, դեռ աշխատում ենք՝ օր երկու մարզումով, տա Աստված, եթե խմբային փուլ դուրս գանք, այն ժամանակ նա կարող է մեզ օգնել, վաղվա խաղին և առաջիկա մյուս խաղին՝ ոչ։

Լուկասը դեռ երեկ է վիրահատվել, տեսանյութերով տեսնում եմ, որ արդեն շարժվում է, ռեաբիլիտացիոն շրջան է անցնում, բայց նոյեմբեր-դեկտեմբերից շուտ դաշտ չի վերադառնա։

Վաղվա խաղում միայն հաղթանակ եմ ակնկալում։ Ինչ վերաբերում է թիմի հոգեբանական վիճակին, ապա ես միշտ գտնում եմ բառեր, որոնք կարող են վստահություն տալ թիմին։ Ես դա կանեմ, թիմը դաշտ դուրս կգա վստահ, դուրս կգա պատրաստ։ Խնդիրները չհաշված, դրանցից խոսելը կարող է միայն խանգարել, մենք պատրաստ ենք դուրս գալ դաշտ, պայքարել, կռիվ տալ ու հասնել հաջողության, ուրիշ ելք չկա։

Չեմ հավատում, որ նեգատիվն ու քննադատությունը կարող է լավ անդրադառնալ թիմի վրա, ուղղակի, երբ որ թիմը կամ մարզիչը հոգեբանորեն ուժեղ են լինում, այդ ամենը կարողանում են ապրել, իսկ եթե ուժեղ չեն, կարող են անկում ապրել։

Մենք պատրաստ ենք առաջինը խաղալ թե՛ տանը, թե՛ դրսում, ուղղակի հաշվարկները պետք է ճիշտ անել։ Ես համարում եմ, որ առաջին խաղակեսը մենք անցկացնում ենք տանը, իսկ երկրորդը՝ դրսում»։

  • Կիսվել: