Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բռնցքամարտի նորընծա չեմպիոնները
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է ներքին առաջնության եզրափակիչ մենամարտերում գրանցված արդյունքներից: Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:
Մարզիչը, մասնավորապես, նշեց. ՛՛Ծանր քաշային կարգերում մի քանի նոր անուններ ի հայտ եկան, որոնք կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը: Սակայն նրանք չեն ընդգրկվի օլիմպիական քաշային կարգերում: Եզրափակիչներից հետո կարող եմ ասել, որ գոհ եմ: Ցանկանում եմ ընդգծել, որ կարևոր քաշային կարգերի առաջատարները, այսօր չպետք է լինեն լավագույն մարզավիճակում, քանի որ մեկ ամիս անց նոր կմեկնարկի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը՛՛:
Նա նաև հավելեց, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը մեծ հավանականությամբ չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին. Բաչկովը մի քանի ամիս առաջ է վիրահատել երկու ձեռքերը:
՛՛Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները: Եթե նրանք հաջողության չհասնեն, ապա հնարավորություն կտրվի մյուս մարզիկներին ևս՛՛,-նշեց մարզիչը և հավելեց, որ բռնցքամարտիկները բարդ խնդրի առաջ են կանգնած, քանի որ վարկանիշային երկու մրցաշարերն էլ համաշխարհային էին, և մրցաշարերին մասնակցելու են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն ընտրանիները: