շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նպատակ էի դրել 2023-ում ինչ մրցաշարի մասնակցեմ, մեդալակիր դառնամ, եւ ինձ մոտ ստացվեց․ Գոռ Սահակյան

Նպատակ էի դրել 2023-ում ինչ մրցաշարի մասնակցեմ, մեդալակիր դառնամ, եւ ինձ մոտ ստացվեց․ Գոռ Սահակյան

Մրցաշրջան-2023-ում հայկական սպորտն ունեցավ մի շարք բացահայտումներ, որոնցից մեկը 20-ամյա ծանրորդ Գոռ Սահակյանն էր: Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը 2023 թվականին համալրեց Փաշիկ Ալավերդյանի գլխավորած մեծահասակների կազմը եւ առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Գոռ Սահակյանը: Երկամարտում Սահակյանը ցույց տվեց 320 կգ արդյունք՝ 15 կգ-ով հետ թողնելով իր մրցակիցներին: Եվրոպայի չեմպիոնը փայլեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Գոռ Սահակյանը մրցաշրջան 2023-ում լավագույն արդյունքներով առաջին անգամ ընդգրկվեց Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների կազմում:

Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ամփոփել է 2023 թվականը:

Մրցաշրջան-2023-ը...

2023 թվականը հիանալի տարի էր ինձ համար: Ես համարում եմ, որ ինչպես Աստծո կամքն էր, այդպես էլ ընթացավ տարին ինձ համար:

Իմ առջեւ նպատակ էի դրել 2023-ում ինչ մրցաշարի մասնակցեմ, մեդալակիր դառնամ, եւ ինձ մոտ ստացվեց: Այս ամենն իմ մարզիչների եւ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Արդյունքում՝ ես առաջին անգամ ընդգրկվեցի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում: Հպարտ եմ եւ ուրախ, որ հասել եմ իմ նպատակին:

2023 թվականին նորամուտս նշեցի մեծահասակներում եւ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, դարձա չեմպիոն: Մասնակցեցի նաեւ աշխարհի առաջնությանը եւ դարձա բրոնզե մեդալակիր: Այն արդյունքը, որն անում եմ, գտնում եմ, որ դրան էի արժանի: Դարձա չեմպիոն, ուրեմն արժանի էի այդ կոչմանը, դարձա բրոնզե մեդալակիր, ուրեմն դեռ աշխատելու տեղ ունեմ: Երբեք որեւէ մեկին չեմ մեղադրում իմ պարտության կամ թերի արդյունքի համար

Տարվա ամենամեծ հաղթանակը...

Կցանկանայի նշել մեծահասակների Եվրոպայի չեմպիոնությունը, բայց ինձ համար ամենամեծ հաղթանակն աշխարհի առաջնության բրոնզե մեդալն է: Բրոնզե մեդալ է, բայց ինձ համար շատ թանկ է: Ես չէի հավատում, որ կարող եմ աշխարհի առաջնությունում մեդալակիր դառնալ ու դարձա:

Ձախողում...

Նորից կնշեմ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Ես աշխարհի առաջնությանը չմասնակցեցի այնպես, ինչպես  Եվրոպայի առաջնությանը: Եթե այդպես լիներ, արծաթե մեդալակիր կդառնայի: Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների մեջ, պայքարում էի օլիմպիական, աշխարհի չեմպիոնների հետ եւ մի փոքր լարվածություն կար այն մտքից, որ 20 տարեկանում այդպիսի տիտղոսակիր ծանրորդների հետ եմ պայքարում: Այստեղ իմ մրցելույթը զրո եմ համարում, բայց զարմանալի էր, որ դարձա բրոնզե մեդալակիր: Չէի հավատում, թե ինչպես ստացվեց, որ բոլորը գցեցին ու ես հայտնվեցի երրորդ տեղում: Կփորձեմ այնպես անել, որ մյուս մրցաշարերում չլինի այնպես, ինչպես եղավ աշխարհի առաջնությանը:

Եվրոպայի չեմպիոնությունը...

Աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել, երբ Հայաստանում մեծահասակներում առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ինձ համար շատ յուրահատուկ է այս չեմպիոնությունը, որովհետեւ հայրենիքում էր, մեր հարազատների, ընկերների, այդքան երկրպագուների ներկայությամբ: Մենք ամբողջ թիմով գերազանց ելույթներ ունեցանք: Տան պատերը մեզ շատ օգնեցին: Իսկապես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Եվրոպայի առաջնությունը: Սա նաեւ իմ առաջին մեծ հաղթանակն էր մեծահասակներում:

Ամենահիշարժան օրը...

Ամենահիշարժանը Եվրոպայի չեմպիոն դառնալու օրն էր: 2023-ում եւս երկու օր կառանձնացնեմ սպորտից դուրս: Նախորդ տարի 4 մրցման եմ մասնակցել եւ ամբողջ տարի զբաղված եմ եղել մարզումներով, հավաքներով, մրցաշարերով: Երբ պատրաստվում էինք Եվրոպայի առաջնությանը, հավաքներից մեկի ընթացքում եղբայրս աղջիկ ունեցավ: Ինձ համար դա յուրահատուկ ուրախություն էր, որին, ցավոք, չկարողացա ներկա գտնվել, քանի Ծաղկաձորում հավաք էինք անցնում: Չէի կարող հավաքից դուրս գալ եւ միանալ ընտանիքիս: Մեկ ամիս անց քույրս տղա ունեցավ ու ես կրկին հավաքի էի այս անգամ Երեւանի «Օլիմպավանում»: Այդ օրը նույնպես չէի կարող գալ եւ ընտանիքիս հետ նշել այդ ուրախությունը: Շատ ուրախացել էի, որ մեկ ամսվա տարբերությամբ դարձել էի հորեղբայր եւ մորեղբայր, բայց ուրախությունս լիարժեք չէր, որ չէի կարողանում միանալ ընտանիքիս: Չեմ ընկճվում, որովհետեւ սա իմ ընտրած կյանքն է, սպորտը իմ կյանքն է, եթե ես մարզվում եմ, ուրեմն աշխարհում ամեն ինչ կսպասի մինչեւ ես ավարտեմ մարզումներս: Ինձ այդպես դաստիարակել են ծնողներս, նաեւ իմ երկրորդ ծնողները՝ մարզիչներս: Ոչինչ չի կարող խանգարել իմ մարզումներին:

Կատարված երազանքը...

2022 թվականին տարին ավարտվեցի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնությամբ: Այդ ժամանակ խոսակցություններ կային, որ ես կարող եմ համալրել մեծահասակների հավաքականը: Նաեւ արդեն հայտնի էր, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երեւանում: 2023-ի երազանքս եղավ այն, որ ես ամեն ինչ անեմ Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Ինքս իմ առջեւ նպատակ էի դրել հաղթել բոլոր փորձամրցումներում, ընդգրկվել ԵԱ կազմ եւ մեծահասակներում ինչ-որ արդյունք ցույց տալ: Ինձ համար սա շատ լուրջ մարտահրավեր էր, քանի որ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթել էի այն կիլոգրամներով, որոնցով չէի կարող պայքարել մեծահասակներում: Ինձ պետք էր կիլոգրամներ ավելացնել ու երազանքս իրականացնելու համար ջանք չխնայել: Կիլոգրամներս 10-10 –ով ավելացավ: Այդպես էլ եղավ, շատ մեծ աշխատանքի արդյունքում երազանքս իրականացավ:

Այս երազանքս իրականացնելուց հետո հաջորդը կապված էր աշխարհի առաջնության հետ: Մինչեւ Եվրոպա, ես չէի մտածում աշխարհի առաջնության մասին: Չեմպիոն դառնալուց հետո հասկացա, որ կարող եմ ավելին:

2024-ի երազանքը...

Երազանքս չեմ բարձրաձայնի: Ցանկանում եմ իմ աշխատանքով ցույց տալ: 2023 թվականի մեծ հաղթանակներից հետո ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում ավելին անել, ավելի մեծ արդյունքների փորձել հասնել:

Նամակ ինքդ քեզ...

Ես շատ եմ խոսում ինքս ինձ հետ: Սիրում եմ միայնակ զբոսնել, միայնակ մնալ իմ մտքերի հետ: Վեդի քաղաքից եմ եւ այստեղ եմ գնում մարզումների: Հաճախ մարզումներից հետո ոտքով վերադառնում եմ տուն ինքս ինձ հետ զրուցելով: Նամակ չէի գրի ինձ: Այդ զրույցներում ասում եմ, որ ես կարող եմ ավելին, բայց ավելիին չեմ ձգտում, քանի որ գնահատում եմ այն, ինչ ունեմ այդ պահին, ինչին արժանացրել է ինձ Աստված: Եթե ես ընկել եմ 3-րդ տեղ, ուրեմն դրան էի արժանի: 2024-ին կփորձեմ չկրկնել այն սխալները, որոնք արել եմ մրցաշարերի ժամանակ:

Նամակ Ձմեռ պապին...

Ձմեռ պապին նամակ չեմ գրում, բայց հրաշքների հավատում եմ: Իմ կյանքի հրաշքն, օրինակ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալն էր: Նամակ գրելու փոխարեն միշտ դիմում եմ Աստծուն եւ շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ ունեմ: Մենք ավանդույթ ունենք ընտանիքում, ամեն տարի դեկտեմբերի 31-ին գնում ենք եկեղեցի եւ մեր աղոթքով մեր խոսքն ուղղում Աստծուն, մեր շնորհակալությունն ասում ամեն ինչի համար:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ բոլորս լինենք հավատով, սիրով, նայենք առաջ ու հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու:

  • Կիսվել: