կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին. Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Սերոբյան

Մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին. Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում երիտասարդների և մեծահասակների հավաքականների գրանցած արդյունքներից:

«Ընդհանուր առմամբ`գոհ եմ: Կարող էր ավելի լավ լինել, բայց բնականաբար, որքան լավ արդյունքներ են լինում, ձգտում ենք առավելին: Մենք Դոհայի աշխարհի գավաթում մեր գերագույն խնդիրը կատարել էինք, և գուցե ինչ-որ տեղ թուլացած էինք եկել այստեղ: Նորմալ եմ գնահատում, ունենք մեդալների հավաքածու` առաջին, երկրորդ և երրորդ տեղ: Սակայն ամենակարևորն այն է, որ ունենք երկրորդ օլիմպիական ուղեգիրը: Ուզում եմ շեշտել, որ մեր բոլոր մարզիկները վնասվածք ունեին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանձնացրեց նա:

Սերոբյանի խոսքով` առավել շատ ուրախություն պարգևել են երիտասարդ մարմնամարզիկները` Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:

Անդրադառնալով Արթուր Ավետիսյանի մրցելույթին, Սերոբյանը նկատեց, որ Ավետիսյանը բարդացրել է վարժությունն ու քիչ-քիչ առավել լավ է կատարում այն:

«Հետաքրքիր է, որ մենք երկրորդ տեղի համար այդքան էլ ուրախ չենք, բայց Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը շատ նորմալ է: Գուցե, Աստծո կամքով Փարիզի Օլիմպիական խաղերում ինքը կանի այն, ինչին ունակ է»,- ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

Երիտասարդների ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանն էլ արժանացավ բրոնզե մեդալի:

  • Կիսվել: