երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը

Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում հունվարի 30-ին  մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մասնակիցների քանակը քիչ է, սակայն մեր առաջատարները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք լրջորեն պատրաստվել են մրցաշարին»,-ասաց Սարգսյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաև արտերկրից։  Մասնավորապես, մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել Իրանի հավաքականը։

«Ձյան պակասի խնդիր ունենք, բայց լիահույս ենք, որ այս խնդիրը կլուծվի առաջիկայում»,-առանձնացրեց նա:

Հայաստանի առաջնության առաջին փուլում տղամարդիկ կմրցեն 10 կմ դասական ոճում և արագավազքում, իսկ կանայք` 5 կմ ազատ և դասական ոճերում: 

  • Կիսվել: