հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կարիերան ավարտելու վերաբերյալ

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կարիերան ավարտելու վերաբերյալ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը կարիերան ավարտելու հետ կապված վերջնական որոշում չի կայացրել:

«Եվրոպայի առաջնության որակավորման փուլում իմ ելույթը վատ կգնահատեմ, քանի որ առաջին օրն իսկ սխալվեցի վարժության վերջնամասում ու զրկվեցի եզրափակիչ մտնելու հնարավորությունից: Սակայն ես լավ էի պատրաստվել ու շատ եմ ափսոսում, քանի որ օրեր առաջ` աշխարհի գավաթի խաղարկությունում, շատ նորմալ կատարեցի իմ վարժությունը, գնահատականս էլ վատ չէր»,-Ռիմինիայում` լրագրողների հետ զրույցում, ասաց Մերդինյանը:

Խոսելով ընդհանուր իր մարզավիճակից` Մերդինյանն առանձնացրեց, որ ցավեր ունի ուսի ու դաստակի հատվածում:

«Մարզավիճակս պահպանում եմ, սակայն մի քանի ամիս հանգստանալուց հետո կորոշեմ ապագայի հետ կապված հարցերը: Ավելի վաղ որոշել էի, որ սա վերջին մրցումն է, որին կմասնակցեմ: Սակայն մեծ է հնարավորությունը, որ լավ մարզավիճակում լինելու դեպքում, հավաքականի մարզչին խնդրեմ և մասնակցեմ այլ մրցաշարերի: Հնարավոր է, որ մարմնամարզությունում վարժությունների տարրերում փոփոխություններ էլ լինեն»,-ասաց նա:

Մերդինյանի խոսքով`եթե Եվրոպայի առաջնությունում իրեն հաջողվեր կատարել իր լավագույն վարժությունը, ապա գուցե և այդպես էլ ավարտեր կարիերան:

  • Կիսվել: