կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեւոն Արոնյանի պատասխանը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին

Լեւոն Արոնյանի պատասխանը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն, ԱՄՆ-ի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը սոցիալական ցանցերում արած գրառումով պատասխանել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին, որը Արցախի շրջափակումը հերքող եւ ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը արդարացնող նամակով պատասխանել էր Լեւոն Արոնյանի կոչին։

«Թախիծով կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Քեզ ճանաչում եմ երկար տարիներ ու սիրում եմ քո ընտանիքն ու քեզ որպես հարազատների, թեեւ վերջին շրջանում ինձնից հեռվացած մարդկանց։

Դու երբեք չէիր ասի այն խոսքերը, որոնց տակ քո ստորագրությունն է։ Դու բարի ու հասկացող մարդ ես։

Ես հիմա չեմ ցանկանում հրապարակային պատասխանել իմ հասցեին մեղադրանքներին, դու գիտես ինձ ու գիտես, որ ես երբեք ոչ մեկի չեմ խաբել ոչ անձնական կյանքում, ոչ հրապարակային։

Երբ 30-ականներին Ալյոխինը գրեց պատվիրված հոդված արիական շախմատի մասին, հետո շատ տարիներ փորձում  էր ոչնչացնել իր կյանքի այդ ամոթալի էջը։ Տա Աստված, որ դու այլեւս ստիպված չլինես այդպիսի նամակներ գրել»,- գրել է հայ գրոսմայստերը։

Հիշեցնենք, որ օրերս Արոնյանը, խոսելով Արցախի շրջափակման և սովամահության մատնված արցախցիների մասին, դիմել էր ադրբեջանցի գործընկերներին՝ կոչ անելով չլռել և բարձրաձայնել ճշմարտությունը: Սրան ի պատասխան Մամեդյարովը հրապարակել էր ծավալուն գրառում, որում նշել է, որ «ճանապարհը դեպի Ստեփանակերը երբեք փակված չի եղել Ադրբեջանի կողմից»:

  • Կիսվել: