կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լևոն Աղասյանը չի մասնակցի ԱԱ-ին

Լևոն Աղասյանը չի մասնակցի ԱԱ-ին

Ստամբուլում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց երկու մեդալով: Առաջնության հաղթող ճանաչվեց վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը ոսկե մեդալակիր դարձավ 1500 մետր վազք մրցատարածությունում՝ գրանցելով 3:44.55 րոպե արդյունք: Եռացատկում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը՝ 16,28 մետր արդյունքով:

Ստամբուլում արծաթե մեդալ նվաճելուց հետո Լեւոն Աղասյանը նշեց, որ արդյունքից դժգոհ է, բայց ուրախ է մեդալ նվաճելու կապակցությամբ:

«Ընդհանուր առմամբ լավ ցատկեր արել եմ, լավ աշխատել եմ մրցման ժամանակ: Եթե չտրորեի գիծը, միանշանակ ոսկե մեդալակիր էի դառնալու: Ինձ համար 16,28 մետրը վատ արդյունք է: Ավելի երկար ցատկեր եմ ցանկանում անել եւ պատրաստ եմ դրան: Վատ եմ զգում այն պատճառով, որ  չեմ կարողանում իդեալականի հասցնել տեխնիկական աշխատանքս մարզումների ժամանակ պայմանների բացակայության պատճառով: Եթե մեծ նպատակներ չունենայի, չէի մտահոգվի: Մեդալակիր եմ դարձել Ստամբուլում, ինչի համար շատ ուրախ եմ, բայց սա այն չի, ինչ ուզում եմ»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Նշենք, որ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը վարկանիշային էր մարտին Գլազգոյում անցկացվելիք աշխարհի ձմեռային առաջնության համար: Հայաստանի թիմի անդամները ԱԱ-ի վարկանիշ ձեռք չեն բերել: Եռացատկում աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էին նվաճում միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ Ստամբուլի մրցաշարում լավագույն արդյունքները ցույց տված աշխարհի 16 աթլետները: Լեւոն Աղասյանի արդյունքը մոտ է լավագույն 40-ին, որի պատճառով Հայաստանի առաջատար եռացատկորդը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականից Գլազգոյում մասնակցելու իրավունք է ստացել միայն վազորդ Երվանդ Մկրտչյանը:  Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ավելի վաղ միջազգային ֆեդերացիային առանց վարկանիշի մասնակցության իրավունք ստանալու հայտ է ուղարկել միայն Երվանդ Մկրտչյանի անունով:

Լեւոն Աղասյանը օլիմպիական ուղեգրի համար կպայքարի վարկանիշային մրցաշարերում նորմատիվ լրացնելով կամ վարկանիշային միավորներով: Ուղեգրի համար եռացատկի նորմատիվը 17,22 մետր է:

  • Կիսվել: