շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրի 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում հայ շախմատիստուհին հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցչուհի Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի նկատմամբ:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին: Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 45 երկրների 206 շախմատիստներ: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 13 միավոր և զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը վաստակել է 12.5, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ 12 միավոր:

Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 16 միավոր:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, վաստակել է 14 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սամարկանդում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց էր տվել Շանթ Սարգսյանը՝ վաստակելով 8 միավոր: Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց էր տվել Էլինա Դանիելյանը՝ 6.5 միավորով:

  • Կիսվել: