ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարծիքը, որ առանց Հենոյի հավաքականն ավելի լավ էր խաղում, չեմ կիսում․ Վարդան Մինասյան

Կարծիքը, որ առանց Հենոյի հավաքականն ավելի լավ էր խաղում, չեմ կիսում․ Վարդան Մինասյան

Առաջին ալիքի «Խաղից դուրս՝ Քալանթարյանի» հետ հաղորդման եթերում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում ելույթները դադարեցնելու վերաբերյալ որոշման մասին։

«Հենրիխ Մխիթարյանը դեռ կարող էր ակումբային կարիերային զուգահեռ հանդես գալ հավաքականում։ Տարիքը խոչընդոտ չի հանդիսանում նրա համար, պարզապես անձամբ է նման որոշում կայացրել։

Խաղադաշտի սահմաններից դուրս Մխիթարյանի ազդեցությունը մեծ է ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլև Հայաստան պետության համար։ Նա հայկական ֆուտբոլի բրենդն է։

Կարծիքը, որ առանց Հենոյի հավաքականը ավելի լավ էր խաղում, չեմ կիսում։ Չէր կարող մեր հավաքականը առանց նրա կարգի ֆուտբոլիստի ավելի ուժեղ համարվել։ Պարզապես որոշ հանգամանքներ համընկան, և Հենրիխի մասնակցությամբ խաղերում մերոնք լավ հանդես չեկան, և հակառակը։

Այժմ, առանց Մխիթարյանի հավաքականի փիլիսոփայությունը կփոխվի։

Հայաստանի հավաքականի հաջող մրցելույթները սկսվեցին, երբ սերնդափոխության արդյունքում 13 նոր ֆուտբոլիստ միացավ ազգային թիմին։ Այդ գործում մեծ դեր ուներ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը շատ լավ աշխատանք էր կատարել երիտասարդ ֆուտբոլիստների հետ։

Ժամանակին Հենրիխի խաղային դիրքը միշտ ընտրել եմ` կախված մրցակցից։ Շատ լավ է, որ թիմում կար նրա նման ունիվերսալ ֆուտբոլիստ։

Հենրիխի կարիերայում վայրիվերումներ չեն եղել, նա միշտ առաջ է գնացել։ Այդ պատճառով էլ կարողացել է հասնել ներկայիս մակարդակին։

Մխիթարյանը խաղընկերներին ավելի շատ սեփական օրինակով է փորձում ցոււց տալ, սովորեցնել։

Նրան համոզելու կարիք չկա, ինքն է որոշում կայացրել, բայց հույս ունեմ, որ կրկին կվերադառնա հավաքական, քանի որ, իմ կարծիքով, դեռևս կիսատ թողած գործեր ունի»,- ասել է Մինասյանը։

  • Կիսվել: