երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չեն կարողացել օլիմպիական ուղեգիր նվաճել Ստամբուլում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է:

 

Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ պայքարում են 54 օլիմպիական ուղեգրի համար:

Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականներից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

  • Կիսվել: