ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրաչյա Ռոստոմյանը դատարկաբանություն է անվանել Դալալոյանին և Դանիելյանին ՀՀ հավաքականներ հրավիրելու մասին լուրերը

Հրաչյա Ռոստոմյանը դատարկաբանություն է անվանել Դալալոյանին և Դանիելյանին ՀՀ հավաքականներ հրավիրելու մասին լուրերը

Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել մարմնամարզիկ Արթուր Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են:

«Այդ լուրերը անհեթեթություն են ու կատարյալ դատարկաբանություն: Սրան, նույնիսկ, անդրադառնալ պետք չէր, սակայն թյուրըմբռնումից խուսափելու համար հարկ եմ համարում բացատրել: Առաջին հերթին՝ ՀԱՕԿ-ը իրավական տեսանկյունից իրավունք չունի մարզիկներ հրավիրել Հայաստան: Երկրորդ՝ մեր մարմնամարզիկները տարիներ շարունակ փայլել են մոլորակի ամենատարբեր հարթակներում: Նրանք աշխարհում լավագույններից են:

Օրեր առաջ էլ Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց մեր օրհներգը, նույնն էլ՝ երիտասարդների Աշխարհի առաջնությունում եղավ: Հանուն ինչի՞ ՀԱՕԿ-ը պետք է հետաքրքրված լինի այլ երկիր ներկայացնող մարզիկներով: Խորհուրդ եմ տալիս շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով և չտարածել ապատեղեկատվություն»,- նշել է Ռոստոմյանը:

Ավելի վաղ Metaratings.ru-ն հայտնել էր, որ Դալալոյանն ու գեղասահորդ Արթուր Դանիելյանը մերժել են ՀԱՕԿ-ի՝ ազգային հավաքական տեղափոխվելու առաջարկը, իսկ Ռոդիենկոն մեկնաբանել էր դա։

«Դալալոյանը հրաժարվե՞լ է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկում են, բայց Արթուրը բավականին հստակ ասել է, թե որտեղ է և ում հետ։ Դալալոյանը ճիշտ է վարվել, նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և նա չէր կարող հենց այնպես վերցնել ու այդպես վարվել»,- Metaratings.ru-ին ասել էր Ռոդիենկոն:

  • Կիսվել: