երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՖՖ նախագահը սպառել է իրեն. Սերգեյ Ջանջոյան

ՀՖՖ նախագահը սպառել է իրեն. Սերգեյ Ջանջոյան

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այլեւս չենք կարծում, որ մեր հայկական ֆուտբոլում կլինեն դրական փոփոխություններ: ՀՖՖ նախագահը սպառել է իրեն: Այս մասին հայտարարել է ՖԱՖ շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

«ՀՖՖ նախագահը չեկավ մեզ հետ հանդիպման: Հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական տվեց, բայց դա մեզ բավարար չի: Մենք նրա հրաժարականը կանխատեսում էինք՝ այս խաղի արդյունքից ելնելով: Ինչպես 9 տարի առաջ, այնպես էլ հիմա հավաքվել ենք այստեղ, ունենք հարցեր եւ պետք է ստանանք պարզաբանուներ ՀՖՖ նախագահից: Ցանկանում ենք պարզաբանումներ ստանալ հայկական ֆուտբոլի տարբեր ասպեկտների մասին՝ մանկապատանեկան ֆուտբոլի, ակադեմիաների, ընդհանուր կոմունիկացիայի բացակայության վերաբերյալ:

Լրատվամիջողները կփաստեն, որ ՀՖՖ նախագահը վերջին տարիներին ազատ ասուլիս չի ունեցել: ՖԱՖ-ն աջակցել է Արմեն Մելիքբեկյանին՝ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ ունենալու ակնկալիքներով, ուզել ենք, որ լավ լինի հայկական ֆուտբոլում, բայց, ցավոք, այդ փոփոխությունները չենք տեսել: Մեզ շատ են մեղադրել մեր գործողությունների պատճառով, տարբեր կարծիքներ կան՝ որ «Նեմեցի» ժամանակ այսպես ենք արել, Արմեն Մելիքբեկյանի ժամանակ ձայն չեք հանում: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ցանկացած ֆեդերացիայի պետք է տալ ժամանակ: Ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, երկու-երեք անգամ:

Մեր մասով միշտ ցանկացել  ենք աջակցել ֆեդերացիային ցանկացած հարցով, որպեսզի ստացվի, անցկացրել ենք տարատեսակ ակցիաներ, հանդիպումներ, խորհուրդներ, բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ չի գալիս մեզ հետ հանդիպման, հարցերի պարզաբանման: Սա առաջին դեպքը չի, պարզ է դառնում, որ ՀՖՖ նախագահը չի ցանկանում մեզ հետ հանդիպել: Այս պարագայում կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այլեւս չենք կարծում, որ մեր նշած ասպեկտներում կլինի դրական փոփոխություններ: Կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն»,- ասել է Սերգեյ Ջանջոյանը:

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը Երեւանում 0:2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Դրանից հետո ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Սկոպյեում թիմերի առաջին խաղում դարձյալ 2:0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով առաջատարն է։ Հայաստանի թիմը 4 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող Լատվիան, որը երրորդ տուրում 1:1 հաշվով խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ։

  • Կիսվել: