երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՖՖ-ն վերահաստատում է իր աջակցությունն ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգայի դեմ պայքարում․ Արմեն Մելիքբեկյան

ՀՖՖ-ն վերահաստատում է իր աջակցությունն ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգայի դեմ պայքարում․ Արմեն Մելիքբեկյան

«Մեր գործունեության մեջ հավատարիմ ենք եղել մի կարևոր սկզբունքի, այն է՝ ֆուտբոլի եվրոպական մոդելի զարգացումը»,-այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովի ընթացքում ասել է ՀՖՖ վերընտրված նախագահ Արմեն Մելիքբեկյանը․

«Հիմա տարբեր երկրներում, գուցե նաև Հայաստանում, կան գործընթացներ, որոնք փորձում են հարցականի տակ դնել ֆուտբոլի եվրոպական մոդելը։ Երկու օր առաջ Արդարադատության եվրոպական դատարանը տխրահռչակ Սուպերլիգայի մասին որոշում կայացրեց, որին հետևեցին եվրոպական բազմաթիվ ակումբների հրաժարական նամակներ, այսինքն մարդիկ հրաժարվում են մասնակցել այդ նախաձեռնությանը, բացառությամբ երկու-երեք ակումբի։

Այս պահին կարող ենք ասել, որ խոշոր ակումբների միավորման ու փակ լիգա ստեղծելու փորձը ձախողվել է։ Հետևաբար, համաշխարհային ֆուտբոլում պայքարն այս առումով շարունակվելու է։ Պատահաբար, թե ոչ` Հայաստանում ևս էլիտար բուրգ ձևավորելու միտումը կա։ Ձայներ են հնչում առ այն, որ մեր անդամները չպետք է ունենան հավասար թվով ձայներ։ Մյուս բոլոր մեղադրանքները, եթե դրանք զրպարտության վրա չեն հիմնված, քննելի են ու միշտ կարելի է հետևություններ անել դրանցից։ Բայց վերոնշյալ առաջարկությունը միանշանակ մերժելի է, քանի որ սա խախտում է իրավահավասարության սկզբունքն ու դեմ է միջազգային ֆուտբոլային կառույցների հիմնական սկզբունքին։ Սա նույնն է, ինչպես օրինակ ՈՒԵՖԱ-ում Գերմանիայի, Սան Մարինոյի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները տարբեր թվով ձայներ ունենան։ Մենք բոլորս մեկ ֆուտբոլային ընտանիքի մաս ենք կազմում։ Յուրաքանչյուրը՝ լինի դա մեծ ակումբ, թե փոքր, իր չափով կարևոր ներդրում է կատարում հայկական ֆուտբոլի զարգացման գործում

Ինքս մշտապես պայքարել եմ իրավահավասարությունը խախտող գաղափարների դեմ։ Բացի այդ, ևս մեկ անգամ վերահաստատում եմ ՀՖՖ աջակցությունն ՈՒԵՖԱ-ին՝ Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում։ Մենք դեմ ենք ֆուտբոլի էլիտիզացմանը ցանկացած մակարդակում, քանի որ ֆուտբոլը բոլորի համար է»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը, փոխանցում է Armsport-ը։

  • Կիսվել: