երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՖՖ-ն դիմել է երկրպագուներին

ՀՖՖ-ն դիմել է երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ու Էստոնիայի ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղի վերաբերյալ:

 

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 8-ին` ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»,- ասվում է հայտարարությունում:

Սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: Առանց հանդիսականների անցկացվելիք խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ՝ Դևիդ Քութի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ էստոնացիները նվազագույն հաշվով տնային պարտություն են կրել Վրաստանի հավաքականից:

  • Կիսվել: