ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՖՖ-ն դատապարտել է ֆուտբոլի «Սուպերլիգայի» ստեղծումը

ՀՖՖ-ն դատապարտել է ֆուտբոլի «Սուպերլիգայի» ստեղծումը

Այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կոնգրեսին ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են տեքստի ընդունման օգտին: «ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը:

ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:

Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։

Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ։ ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ։

Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: