Հենրիխ Մխիթարյանը տոնի մեկնարկ տվեց․ իտալական ԶԼՄ–ների արձագանքը
Իտալական ԶԼՄ–ները բարձր են գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը, որի շնորհիվ Միլանի «Ինտերն» Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում իր հաղթանակն ապահովեց մրցաշարի ավարտից երեք տուր առաջ։
Խաղի առաջին գոլը խփեց ֆրանսիացի Մարկուս Թյուրամը: Խաղի 80-րդ րոպեին «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը գնդակը փոխանցեց Հենրիխին, որը, ճիշտ պահին առաջ վազելով, գնդակն ուղարկեց փաստացի դատարկ դարպաս:
«Հայ կիսապաշտպանը դրեց խաղի վերջակետը՝ 2:0, և տվեց Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տոնախմբության պաշտոնական մեկնարկը»,- գրում է իտալական «Tuttosport»–ը։
«Corriere della Sera»-ն նույնպես անդրադարձել է Մխիթարյանի խաղին։
«Նա 37 տարեկան է, և նրա կարիերան մի ամբողջ գիրք է, որն արժե ընթերցել: Նա սկսել է կորցնել կենտրոնական դերը թիմում, բայց գեղեցիկ ֆուտբոլի պահեր դեռ պարգևում է: Հնարավոր է՝ սա նրա կարիերայի վերջին գլուխը չէ»,- գրում է թերթը:
Երկու տարի առաջ Մխիթարյանն արդեն դարձել էր Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կազմում: Այս սկուդետտոն, հնարավոր է, վերջինը դառնա նրա, ինչպես նաև թիմի այլ կարևոր խաղացողների համար, որոնցից շատերը հեռանում են տարիքի պատճառով (դարպասապահ Յան Զոմերը և դաշտային խաղացողներ Ֆրանչեսկո Աչերբին, Ստեֆան դը Վրեյը, Դավիդե Ֆրատեզին ու Մատթեո Դարմիանը, գուցե նաև Բաստոնին):
Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն գրել էին, որ մրցաշրջանի ավարտից հետո (այսինքն՝ մեկ ամսից. խմբ.) հնարավոր է` Մխիթարյանը ավարտի կարիերան, եթե առաջարկ չստանա որևէ այլ իտալական ակումբից (քանի որ նա ցանկանում է մնալ Իտալիայում, որտեղ նրա որդին արդեն սկսել է մարզվել «Ինտերի» ակադեմիայում):
Հավելենք, որ Հենրիխը հնարավորություն ունի թիմի հետ «ոսկե դուբլ» ձևակերպել (որը «ներաձուրիները» ձեռքից բաց թողեցին նախորդ մրցաշրջանում)․ մայիսի 13-ին թիմը Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։


