չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում ֆուտբոլային նոր ակադեմիա բացելու նպատակ ունենք․ Նիկոլա Անելկա

Հայաստանում ֆուտբոլային նոր ակադեմիա բացելու նպատակ ունենք․ Նիկոլա Անելկա

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հայտարարեց Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա բացելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անելկան այդ մասին հայտարարեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ հանդիպման ժամանակ։ 

«Նպատակ ունենք նոր ֆուտբոլային ակադեմիա բացել այստեղ: Գիտեմ, որ մեծ ֆուտբոլային ներուժ կա ձեր երկրում:  Բացի ակադեմիա բացելու մեր  նպատակներից, նաև միտք ունենք տեքստիլ արտադրանքով էլ զբաղվել, որը կծառայի երեխաներին: Այստեղ մեծ ֆուտբոլային հնարավորություններ են բացվում մեր առաջ: Վստահ եմ, որ լավ երեխաներ կան, սակայն պետք է աշխատենք նրանց հետ: Ֆուտբոլիստ դառնալը նրանց մեծ երազանքն է, և, ինչու ոչ, մենք էլ կարող ենք տալ նրանց այդ հնարավորությունը»,-ասաց Անելկան:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը հետևեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիայի սաների մարզումներին, լուսանկարվեց  նրանց հետ և ստորագրեց երեխաների գնդակների վրա:

Անելկան պատանի ֆուտբոլիստներին հորդորեց մեծ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին ժպիտով և երջանկությամբ մասնակցել յուրաքանչյուր մարզման և խաղադաշտ մտնել մեծ տարերքով:

Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ»-ում, «Չելսի»-ում և մի շարք այլ ակումբներում:

  • Կիսվել: