հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանի քաղաքացիություն ստանալը տեղի ունեցավ թիմիս ջանքերի շնորհիվ․ Էլինա Ավանեսյան

Հայաստանի քաղաքացիություն ստանալը տեղի ունեցավ թիմիս ջանքերի շնորհիվ․ Էլինա Ավանեսյան

Կարծում եմ, որ Հայաստանում թենիսը դեռեւս այդքան էլ մեծ զարգացում չի ապրել: Հայաստանի հավաքականի դրոշի տակ հանդես գալով՝ հուսամ որոշակի տեղաշարժ կունենանք, շատ ավելի շատ հայկական դրոշներ կտեսնենք միջազգային մրցաշարերում: Կարծում եմ, որ ոգեշնչման աղբյուր կհանդիսանամ բոլորի համար:

Այս մասին Երեւանի Incourt Tennis Club-ում անցկացված ասուլիսում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։

«Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանը Երեւանում կմասնակցի մի շարք միջոցառումների։

«Ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս միջոցառումն ու հանդիպումը կազմակերպելու համար: Ուրախ եմ, որ այստեղ եմ:

Հայաստանի քաղաքացիություն ստանալը տեղի ունեցավ թիմիս ջանքերի շնորհիվ: Գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ, քանի որ մեզ միացավ նաեւ «Կերոն» հիմնադրամը: Հետաքրքիր էր ինձ այս ամենը, ինչի արդյունքում այսօր Երեւանում եմ:

Քաղաքացիությունս փոխելու, Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու որոշումը կայացնելուն նպաստել է իմ այն կարեւոր նպատակը, որ ցանկանում եմ Հայաստանում մասսայականացնել, զարգացնել մարզաձեւը: Առաջին պատճառը այստեղ թենիսի զարգացումն է: Կարծում եմ, որ Հայաստանում թենիսը դեռեւս այդքան էլ մեծ զարգացում չի ապրել: Հայաստանի դրոշի տակ հանդես գալով՝ հուսամ որոշակի տեղաշարժ կունենանք, շատ ավելի շատ հայկական դրոշներ կտեսնենք միջազգային մրցաշարերում:

Դեռ այս տարեսկզբին որեւէ կերպ չէի պատկերացնում, որ քաղաքացիությունս կփոխեմ եւ այլ դրոշի տակ հանդես կգամ: Երբ առաջարկ ստացա «Կերոն» հիմնադրամի կողմից, այն ինձ հետաքրքրեց եւ կարծեցի, որ կարող եմ, ցանկանում եմ եւ նույն հաջողությունները կարող եմ գրանցել նաեւ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով:

Կարծում եմ, որ ոգեշնչման աղբյուր կհանդիսանամ բոլորի համար:

Իմ ընտանիքը Ղարաբաղից է: Ինձ տանը դիմում են հայերեն: Ես հասկանում եմ հայերեն, բայց, ցավոք, չեմ կարողանում խոսել: Մի փոքր ամաչում եմ:

Ինքս փոքր քաղաքից եմ եղել, մեծացել եմ փոքր համայնքում: Կարծում եմ, որ մեծ ջանասիրության արդյունքում կարող ենք հասնել մեծ արդյունքի: Հայաստանն էլ բացառություն չի լինի այս տեսանկյունից, ուղղակի պետք է մեծ աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Երբ առաջին անգամ արդեն խաղում էի Հայաստանի դրոշի ներքո, շատ լարված էի: Տրվել էի արդ մրցաշարին 100 տոկոսով, փորձում էի անել իմ լավագույնը: Այնտեղ մեծ թվով հայ երկրպագուներ կային:

Հույս ունեմ, որ հաջորդ տարի կլինեմ առաջին համարը: Կփորձեմ ամեն ինչ անել դրա համար: Միգուցե առաջին տասնյակում լինեմ, միգուցե եւ առաջինը: Ես շատ աշխատասեր եմ եւ լավատես, ինչը նշանակում է, որ ունեմ հնարավարությունները:

Այսօր հանդիպում եմ ունենալու արցախցի երեխաների հետ: Սա «Կերոն» հիմնադրամի միքտն է, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ինձ տրվել է»,- ասաց Էլինա Ավանեսյանը:

Ասուլիսի վերջում թենիսիտուհին հանդիպեց արցախցի երեխաների հետ եւ նրանց մեկամյսա դասընթացի այցեքարտեր նվիրեց, որն ըստ նրա, կօգնի սիրել եւ զբաղվել թենիսով ապագայում:

Էլինա Ավանեսյանը կվարի թենիսի վարպետաց դաս թենիսով զբաղվող երեխաների հետ, կկիսվի խորհուրդներով և մարզումների հնարքներով։

Սեպտեմների 17-ին Էլինա Ավանեսյանը կմասնակցի  Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը սպորտի և մշակույթի ապագայի վերաբերյալ:

  • Կիսվել: