հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի մարմնամարզության այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է ներքին առաջնության արդյունքներից:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի այս առաջնությունը տարբերվում էր մյուսներից: Երիտասարդների առաջ դրված խնդիրն այլ էր: Նրանցից մի քանիսը` Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, վնասվածքներ ունեն: Սակայն պատրաստվում են ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդների պայքարում մրցակցություն կար, ինչի շնորհիվ ընտրեցինք հավաքականի 4-րդ անդամին` Շեքսպիր Գևորգյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հենացատկի վարժությունը նույնությամբ կրկնելու դեպքում նրան հաջողություն է սպասվում առաջիկա մրցաշարերում` Եվրոպայի առաջնություն և աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ապրիլին կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին և Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող): Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են: Բազմամարտում Հայաստանի չեմպիոնները Գագիկ Խաչիկյանն և Նանե Միքայելյանն են:

  • Կիսվել: